2016-01-28 11:32:00

Գարեգին Բ. ''Նորանկախ պետականութեան նուիրական ձեռքբերումն է` Հայոց Բանակի կազմաւորումը''։


Ամենայն Հայոց Կաթողիկոս  Գարեգին Երկրորդը ուղերձ յղած է Հայոց բանակի օրուան առիթով: Այս մասին կը յայտնեն Մայր Աթոռի տեղեկատուական համակարգէն:

Ուղերձին մէջ ըսուած է. «Համայն հայութեան նուիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրուայ առիթով բերում ենք Հայրապետական Մեր օրհնութիւնն ու ջերմ շնորհաւորանքը մեր ժողովրդին, մեր յաղթական բանակի սպաներին ու զինուորներին:

«Նորանկախ մեր պետականութեան ամենաթանկ ու նուիրական ձեռքբերումն է Հայոց բանակի կազմաւորումը, որն արդիւնքն է քաջարի մեր զաւակների պայքարի եւ առ Հայրենին նուիրումի ու սիրոյ: Այսօր Հայոց բանակի արիասիրտ մեր զինուորների ու հրամանատարների սխրանքով, երբեմն նաեւ կեանքի զոհաբերումով, անխաթար ու պաշտպանուած են մեր երկրի սահմանները: Հայ զինուորի անվեհեր ոգին քաջալերութիւն է բաշխում մեր ողջ ժողովրդին` առաջնորդելով ամէնքիս ամբողջական նուիրումով, նախանձախնդրութեամբ ու մինեանց նկատմամբ սիրով ծառայելու մեր հայրենիքին եւ իրագործելու մեր երկրի պայծառ գալիքի լուսաւոր տեսիլքներն ու յոյսերը:

«Միածնաէջ Սուրբ Խորանի առջեւ աղօթքում ենք, որ Երկնաւոր մեր Տէրը օրհնի եւ զօրացեալ ու յաղթական պահպանի մեր Հայրենիքի սահմանները հսկող բոլոր զինուորներին ու զօրավարներին, այլեւ խաղաղութեան մէջ արդիւնաւորի աստուածասէր մեր ժողովրդի ձեռաց գործերը` յանուն անվրդով ու բարեշէն մեր կեանքի:

«Թող Տիրոջ շնորհը, սէրը եւ խաղաղութիւնը լինեն ամէնքիս հետ այսօր եւ յաւիտեան»:








All the contents on this site are copyrighted ©.